ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի պատկերացնում, թե ինչպիսին կարող է լինել ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի անաչառությունը, եթե դրա կազմում ընդգրկված է Արծրուն Հովհաննիսյանը։ Այս մասին Վանեցյանն ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Քննիչ հանձնաժողովն առհասարակ ընդդիմության գործիքն է, երբ ընդդիմությունը կարողանում է իրականացնել վերահսկողություն։ Երբ իշխանությունն է ձևավորում քննիչ հանձնաժողով կամ իշխանությանն առավոտից երեկո պաշտպանող անձը հանդիսանում է այդ հանձնաժողովի նախագահ, իսկ որպես փորձագետ են ընդգրկվում մարդիկ, դիցուք` Արծրուն Հովհաննիսյանը, որը ողջ պատերազմի ընթացքում հանրության կեղծ տեղեկություններ է մատուցել, ո՞նց եք պատկերացնում այդ քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը և անաչառությունը»,- ասաց Վանեցյանը։
Պատգամավորը հիշեց, երբ ձևավորվում էր 8-րդ գումարման Ազգային ժողովը, ինքը հայտարարել է` եթե իշխանությունն իրապես ցանկություն ունի բացահայտելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և հետևանքների վերաբերյալ տեղեկություններ, ապա նա ունի լայն գործիքակազմ՝ ի դեմ դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք ունեն մի քանի անգամ ավելի հնարավորություններ և լիազորություններ` գործը քննելու և մեղավորներին պատժելու համար։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 10-ին ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել։
Նման հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր նախորդ տարվա հուլիսի 26-ին։ ԱԺ ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։