ՀՀ–ից դեպի ՌԴ արտահանումը կնվազի՞. Քերոբյանը խոսեց հնարավոր ռիսկերի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` փորձելու են այնպես անել, որ արտահաումը դեպի ՌԴ չտուժի, միևնույն ժամանակ ակտիվ աշխատելու են դեպի այլ շուկաներ արտահանումն ավելացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին Հայաստանը հաշվի է առնում բոլոր հնարավոր տնտեսական ռիսկերը, որոնցից մի մասը գուցե տեղի ունենան մի մասը` ոչ։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք կգտնենք այդ ներդրողներին». Քերոբյանի` միլիարդներ բերող «խորամանկությունը»
Նրա խոսքով`կառավարությունում արտահանման ծավալների վերաբերյալ կան տարբեր դիրքորոշումներ։
«Կան փորձագետներ, որոնք կարծում են, որ ինչպես 2014-2015 թթ.–ին, այնպես էլ հիմա, արտահանումը դեպի ՌԴ 40 տոկոսով կնվազի, բայց կան նաև տեսակետներ, որ չի նվազի` հաշվի առնելով, որ դեպի ՌԴ բեռնափոխադրումներն էապես դժվարանում են։ Աշխարհի խոշորագույն ընկերությունները հայտարարել են դեպի ՌԴ բեռնափոխադրումները դադարեցնելու մասին։ Դա նշանակում է, որ պահանջարկը, հատկապես առաջնային ապրանքների մասով, էապես բարձրանալու է»,–ասաց Քերոբյանը։
Նա շեշտեց, որ դա իր ազդեցությունն է ունենալու հայկական սնունդ արտադրող, արտահանող ընկերությունների վրա, քանի որ ՀՀ–ից ՌԴ արտահանվում է հիմնականում սննդամթերք։
Քերոբյանի խոսքով` փորձելու են այնպես անել, որ արտահանումը դեպի ՌԴ չտուժի, միևնույն ժամանակ ակտիվ աշխատելուն են դեպի այլ շուկաներ (օրինակ պարսկական, արաբական, չինական) արտահանումն ավելացնելու համար:
Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին, Քերոբյանի խոսքով, ամեն ինչ պետք է անեն, որ ինֆլյացիան բարձր չլինի։ Արդեն նկատելի է, որ ցորենի, շաքարավազի և այլ շուկաներում գները բարձրացել են։ Կառավարության գործողությունները ուղղված են լինելու գնաճի զսպմանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։