ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանը կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկայի համար, ինչն էլ իր հերթին կարող է հետաքրքրություն ներկայացնել իրանյան արտահանող բիզնեսների համար: Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը` հավելելով, որ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
Քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր հնարավոր ուղղությունները, մտքեր են փոխանակվել համատեղ հնարավոր արտադրությունների հիմնման շուրջ:
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հանդիպման սկզբում շեշտել է, որ Իրանը Հայաստանի հետ ունի բարձր մակարդակի քաղաքական և մշակութային հարաբերություններ: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առևտրատնտեսական հարաբերությունները ևս զարգացնելու և քաղաքական հարաբերությունների մակարդակին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: