ՌԱԴԻՈ

Հայաստանի իշխանությունը չեզոքությունը շփոթել է լռության հետ. քաղաքագետ

ՄԱԿ-ը հակառուսական բանաձև է ընդունել, որի քվեարկությանը Հայաստանի ներկայացուցիչը ձեռնպահ է մնացել։ Ընդհանրապես, Հայաստանն աշխարհաքաղաքական այս իրավիճակում, կարծես, չեզոք քաղաքականություն է վարում։
Sputnik
Հայաստանի իշխանությունը չեզոքությունը շփոթել է լռության րոպեի հետ, կարծում են, որ իրենց ցանկացած հայտարարություն կարող է խոցելի լինել։ Կարելի է ակտիվ հրապարակումներ անել, բայց չեզոք մնալ։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ընգծելով, որ թերևս այդ լռությունը չարյաց փոքրագույնն է։
Սուրենյանցը նշում է, որ ՄԱԿ-ում քվեարկությունն էլ չեզոքության համատեքստում է։ Նրա խոսքով՝ չեզոքության մարտավարությունը, մեծ հաշվով, ճիշտ է, որովհետև Հայաստանի տիպի երկրները ռեսուրս չունեն և չեն էլ կարող ակտիվ դերակատարություն ունենալ այս հակամարտության մեջ։
«Հայաստանը կարող է այդ չեզոքությունը պահպանել մինչև այն պահը, երբ Մոսկվայից պահանջ կդրվի Հայաստանի առաջ, որովհետև ես վստահ եմ, որ Հայաստանը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, չունի սուբյեկտայնություն՝ դիմակայելու հնարավոր ճնշումներին, որոնք կարող են գալ Մոսկվայից»,-կարծում է քաղաքագետը։
Հիշեցնենք՝ մարտի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել՝ պահանջելով, որ Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայում սկսած հատուկ գործողությունը և դուրս բերի զորքը։
Բանաձևին կողմ են քվեարկել 141 պետություն, 5-ը դեմ են եղել, 35–ը` ձեռնպահ։
Դեմ են հանդես եկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։
Հայաստանի ներկայացուցիչը ձեռնպահ է մնացել։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։