Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար. Մելիքբեկյան

Հենրիխ Մխիթարյան. Արխիվային լուսանկար
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի որոշմանը։ Կապառոսը նշել է, որ այսօր տխուր օր է հայկական ֆուտբոլի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և անուրանալի ներդրում ունի Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններում: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսպես է արտահայտվել Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին`անդրադառնալով նրա` հավաքականում կարիերան ավարտելու հայտարարությանը, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։
Նա նշել է, որ Հենրիխ Մխիթարյանը հիանալի ելույթներ է ունեցել եվրոպական թոփ առաջնություններում՝ հայկական ֆուտբոլն ավելի ճանաչելի դարձնելով միջազգային ասպարեզում:
«Վստահ եմ՝ Մխիթարյանը կայացրել է կշռադատված որոշում, որին պետք է վերաբերվել ամենայն հարգանքով: Ավելորդ է նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար: Հետագա հաջողություններ եմ մաղթում Մխիթարյանին իր ակումբային կարիերայի ընթացքում»,–ասել է Մելիքբեկյանը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն էլ նշել է, որ այսօր հայկական ֆուտբոլի և ազգային հավաքականի համար տխուր օր է: «Մեր ավագը, առաջատարը և Հայաստանի հավաքականի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը որոշում է կայացրել հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ: Բախտ եմ ունեցել հաճույք ստանալու իր խաղից և մարզումներից»,–ասել է Կապառոսը:
Նա հիշեցրել է, որ Մխիթարյանի հետ աշխատած բոլոր մարզիչները ևս ընդգծում են Հենոյի նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը: «Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի: Ջերմորեն համբուրում եմ Հենոյին՝ մաղթելով ամենայն բարիք: Կարծում եմ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան ուղղակի ֆուտբոլիստ: Հենոն առաջատար է և միշտ կմնա այդպիսին»:
Նշենք, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին։