ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 9-ին հրավիրել է Փարիզ` մասնակցելու հայ-ֆրանսիական համագործակցության ֆորումին: Մակրոնն այդ մասին գրել է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձում։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մեր ընդհանուր հավակնությունն իրագործելու համար ցանկացա մարտի 9-ին Փարիզում հանդիպում կազմակերպել ֆրանս-հայկական համագործակցության դերակատարների մասնակցությամբ։ Ուրախ կլինեմ այս առիթով ընդունել Ձեզ Փարիզում՝ նշելու մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- նշված է ուղերձում։
Ֆրանսիայի նախագահի խոսքով` Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը։
Հիշեցնենք` Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հայտնել էր, որ մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» խորագրով համաժողով է անցկացվելու Փարիզում։ Լըմուանը նաև տեղեկացրել էր, որ ֆրանսիական կողմը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել է տնտեսական համագործակցության մի հավակնոտ ճանապարհային քարտեզ։