ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ին հրթիռային շարժիչների մատակարարումը։ Այսօր տեղեկությունը հայտնել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:
«Մենք այսօր որոշում ենք կայացրել դադարեցնել «Էներգոմաշ» գիտաարտադրական միավորման արտադրանքի մատակարարումը Միացյալ Նահանգներ։ Հիշեցնեմ, որ դեռ 90-ականների կեսերից դրանք բավական ակտիվ էին ընթանում։ Սա առաջին հերթին ՌԴ-180 շարժիչներն են, որով թռչում է Atlas-5 հրթիռը ու ՌԴ-181 շարժիչը, որն առաջին աստիճանով օգտագործվում է Antares հրթիռի համար», - ասել է նա:
Ռոգոզինը նշել է, որ «Էներգոմաշի» արտադրած հրթիռային շարժիչների մատակարարումները դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է Ռուսաստանի Դաշնության դեմ ամերիկյան պատժամիջոցների կապակցությամբ:
«Թող իրենց ցախավելներով տիեզերք թռչեն», - ասել է նա:
Ռուսաստանը նաև դադարեցնում է համագործակցությունը Գերմանիայի հետ Միջազգային տիեզերակայանում փորձարկումների հարցում։