ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսաստանը ստիպված է դիմակայել աննախադեպ տեղեկատվական հարձակման ու տեղեկատվական ահաբեկչության, որը ներառում է ոչ միայն մեդիան, այլև կիբեռտարածքը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այն գալիս է Արևմուտքից և իրականացվում է այդ թվում նաև ուկրաինական ռեսուրսների և հնարավորությունների միջոցով։ Պարզապես Ուկրաինան՝ իր ամբողջ ենթակառուցվածքով, օգտագործում են որպես գործիք՝ ուղղված համաշխարհային հանրության ապատեղեկացմանը, Ռուսաստանի գործողությունների վարկաբեկմանը»,-ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ փետրվարի 24-ից Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է իրականացնում։ Դրա պատճառը երկրի ներկայիս ղեկավարության 8-ամյա հակաժողովրդական և հակառուսական քաղաքականությունն է։
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմն իշխանության է եկել մի ամբողջ շարք անօրինական, հակասահմանադրական միջոցառումների արդյունքում, որոնք Ուկրաինայի տարածքում կազմակերպվել էին Արևմուտքի ձեռքերով։ Առանցքայիններից մեկը դարձել է 2014թ․-ի պետական հեղաշրջումը, այն իրականացվել է նեոնացիստական ուժերի կողմից՝ Արևմուտքի աջակցությամբ։