ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն բաց է բանակցությունների համար, եթե Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր զորքերը Ուկրաինայից։ Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի YouTube-ալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Եթե նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը - խմբ.) պատրաստ է ռուսական զորքերը հանել Ուկրաինայից, եթե նա պատրաստ է մեզ հետ լրջորեն զրուցել, մենք պատրաստ ենք նրա հետ խոսել, եթե դա այդպես է։ Այդ պատերազմը պետք է դադարի»,- ասել է Նուլանդը։
Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը չի փորձել կապ հաստատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8-րդ օրը։