Որքա՞ն կարժենա Երասխ–Հորադիզ երկաթուղու կառուցումը. փոխվարչապետի պատասխանը

Մհեր Գրիգորյանի խոսքով` ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման խորացված հաշվարկները դեռ նոր պետք է իրականացվեն։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի` Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման հաշվարկների և ներդրումների ծավալի վերադարձելիության մասին հարցին։
Երկաթգծի հետ կապված այս պահին ամենաբարձր մակարդակով փոխըմբռնում կա․ Մհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյանը նշեց, որ միայն դրանից հետո հնարավոր կլինի հասկանալ ներդրումների ծավալը և հաշվել դրա նկատմամբ վերադարձելիությունը։
«Այս ամենից առաջ մենք պետք է ունենանք վերջնական նախագիծը` իր բոլոր դետալներով, որպեսզի ունենանք մանրակրկիտ ներդրումային հաշվարկ։ Ինդիկատիվ թվերի մասին եթե խոսենք` անգամ օտարերկրյա փորձագետների հաշվարկով` այդ թևի վերականգնման աշխատանքների մոտավոր արժեքը 226-230 մլն ԱՄՆ դոլար կարող է կազմել, տևողությունն էլ կլինի 36 ամիս»,– ասաց Գրիգորյանը։
Խոսելով բեռնափոխադրումների մասին, փոխվարչապետն ասաց, որ 3 մլն միջին չափ կա, դա` առանց շրջափակման։ 2 մլն–ը Գրիգորյանի պնդմամբ` ներքին բեռնափոխադրումներն են։
Նա նշեց, որ ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը նույնիսկ ներքին պոտենցիալի հաշվին, նվազագույնը կլինի 5 տոկոս եկամտաբերություն, ինչն, ըստ Գրիգորյանի, վատ չէ։
Նշենք, որ այժմ ստեղծվել է երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը։
Հիշեցնենք, որ երկաթուղու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք նախագահում են 3 երկրի փոխվարչապետները։ Դրա մասին խոսվել էր նաև նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։
Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նույնպես ընդգծել էր տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ շեշտելով, որ դա պետք է կյանքի կոչվի բոլոր երկրների ինքնիշխանությունը լիովին հարգելով: