Վերջին անգամ ԱԺ ամբիոնից 1999-ին եմ ելույթ ունեցել. ՀՀ նախագահի թեկնածու

Խաչատուրյանը նշեց, որ պետք է ամեն գնով ինքնակազմակերպվենք՝ ստեղծելու համար արժանապատիվ ապագա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները` մենք կարիք ունենք իմաստության, կայունության, միաբանության և վստահության։ ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։
Հայտնել էինք, որ ԱԺ–ում նախագահի ընտրության հարցն է քննարկվում. ընդդիմադիրները լքել են նիստերի դահլիճը։
«Վերջին անգամ ԱԺ ամբիոնից 1999-ին եմ ելույթ ունեցել։ Իմ տարիքը միգուցե այնպիսին էր, որ չպիտի հուզումնալից պահեր ապրեի, բայց, միևնույն է, ինձ համար հուզումնալի է այս պահը։ Իրականությունը գնահատելու համար շատ կարևոր է պատրանքներից ազատվելը, որը հնարավորություն կտա հասկանալու` քաղաքական ոչ մի համակարգ իդեալական չի լինելու։ Այսինքն` նախագահական և խորհրդարանական համակարգերը բոլոր պետություններում իրենց առավելություններով հանդերձ ունեն նաև թերություններ»,–ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով` այս կամ այն երկրի քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինեն իշխանության տարանջատումը, օրենքի գերակայությունը, ԶԼՄ–ների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, իշխանափոխությունն ու ազատ ընտրությունները։
Խաչատուրյանը նշեց, որ պետք է ամեն գնով ինքնակազմակերպվենք արժանապատիվ ապագա ստեղծելու համար։ Նա հավելեց, որ ՀՀ նախագահի աշխատանքը կախված է լինելու նաև իշխանության 3 թևերի աշխատանքից։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել։
Ի դեպ, ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, սակայն ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է: Սահմանադրությամբ նախատեսվում է ևս 2 փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 65 և 54 ձայն։