ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Դեկտեմբերի 5-ի ընտրությունները, ինչպես հայտնի է, չլուծեցին Վանաձորի համայնքապետի հարցը, Մամիկոն Ասլանյանին իշխանությունները մի քանի ամիս է՝ պատանդ են պահում՝ շինծու քաղաքական հոդվածով, գրում է «Հրապարակը»։
Ըստ պարբերականի՝ ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստանը» դատական հայցերով նպաստում է, որ Վանաձորում իշխանություն չընտրվի, և ավագանու նիստեր չգումարվեն, համայնքի ղեկավար էլ չընտրվի: ԼՀԿ-ն դիմել էր վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, կամ իրենց մանդատ տան, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը, որից հետո վերաքննիչ բողոք ներկայացվեց։
«Դա մերժվեց, բայց վերաքննիչն իր որոշման մեջ ամրագրել է, որ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով առանձին նիստ պետք է հրավիրվի: Եվ այդ նիստը նշանակվել է հուլիս ամսին: Ակնհայտ է, որ իշխանությունն ուղղակի կաթվածահար է արել Վանաձորի կառավարումը, քանի որ ՔՊ-ն պարտվել է ՀՀ երրորդ քաղաքում»,-նշում է պարբերականը:
Տեղեկություններ կան, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ լուծարեն Վանաձորի ավագանին, նոր ընտրություններ անցկացնեն:
Սակայն «Ասլանյան դաշինքից» ավագանի ընտրված Արթուր Օհանյանը երեկ «Հրապարակին» փոխանցել է, որ ավագանին լուծարելու որևէ հիմք չկա։
«Չմոռանանք, որ «Լուսավորը» վերաքննիչի մերժումից հետո դիմել է վճռաբեկ, եթե վճռաբեկը որոշում կայացնի, ըստ էության, այլևս բեկանել չի լինի: Օրինական ձևավորված ավագանի է, ինչի՞ պիտի լուծարվի: Մենք դեկտեմբերի 24-ին նիստ ենք արել, լիազոր ներկայացուցիչ նշանակել, որին դատարանը պատշաճ է ընդունել: Ո՞վ է ասում, թե նիստ չենք արել»,-ասաց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։