Ուկրաինան նոր Bayraktar ԱԹՍ–ներ է ստացել Թուրքիայից

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Facebook–ի իր էջում գրել է տարբեր երկրներից ստացվող օգնության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ուկրաինան Թուրքիայից, որպես օգնություն, ստացել է Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակ։ Դրանք արդեն դրվել են մարտական հերթապահության։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Թե քանի միավոր Bayraktar է Թուրքիան ուղարկել Ուկրաինա, հայտնի չէ։ Ռեզնիկովը նշել է՝ սպասվում է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն այլ երկրներից էլ որպես օգնություն ստանալու է Javelin հրթիռային համալիրներ ևStinger շարժական զենիթահրթիռային համակարգեր։
Հիշեցնենք՝ մինչ այս Ուկրաինան Թուրքիայից առնվազն 18 միավոր թուրքական Bayraktar ԱԹՍ էր գնել, որոնք փետրվարի 24-ից մինչ օրս օգտագործվել են Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններում։ Թուրքիան ու Ուկրաինան նախատեսում էին նաև 48 միավոր Bayraktar-ների համատեղ արտադրություն Ուկրաինայի տարածքում, բայց այս ծրագիրը, հավանաբար, հետաձգվել է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։