ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պահանջները չեն կարող որակվել որպես կապիտուլյացիա։ Al-Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան առաջարկում է բանակցել` պայմանագրով ապահովելու Ուկրաինայում ապրող բոլոր ժողովուրդների` առանց բացառության ազգային բոլոր փոքրամասնությունների օրինական իրավունքներն ու հավասարությունը։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինայում օրենք կա երեք բնիկ ժողովուրդների մասին, կարծես այդ երկրում ընդհանրապես ռուսներ չեն եղել։
«Սա արդեն իսկ օրենսդրական հիմք է ստեղծում հետագա ռուսատյաց քաղաքականության համար, և ոչ միայն ռուսատյաց, այլև բոլոր ազգային փոքրամասնությունների՝ հունգարացիների, ռումինացիների, լեհերի, բուլղարների նկատմամբ: Մենք ենթադրում ենք, որ դա կորոշի ուկրաինացի ժողովուրդը։ Եթե կառավարությունը համաձայնի այն պայմաններին, որոնք հիմա քննարկվում են, դա կլինի համաձայնություն»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի ընթացիկ հատուկ գործողությանը, Լավրովը նշել է, որ ամեն ինչ արվում է խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհեր թույլ չտալու համար։
Նախարարի խոսքով` կարող են լինել այնպիսիք, ովքեր ցանկանում են, որ Ռուսաստանը հայտնվի ուկրաինական հակամարտության մեջ։
Խոսելով Ղրիմի մասին՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Մոսկվան չի քննարկի Ղրիմի թեման. այդ հարցը փակված է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Փետրվարի 28-ին բելառուսա–ուկրաինական սահմանին կայացած բանակցային առաջին հանդիպումից հետո հայտարարություններ եղան այն մասին, որ երկրորդ հանդիպումը կկայանա Լեհաստանի հետ սահմանային հատվածում։