ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ուկրաինայի տարածքից Ռուսաստան է տարհանվել ավելի քան 140 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 39 հազար երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ ԶՈւ-ն նաև ապահովել է Կիևից ՄԱԿ-ի պրոֆիլային կառույցների և Մարիուպոլից Հունաստանի դեսպանատան աշխատակիցների անվտանգ տարհանումը:
ՌԴ ՊՆ–ն նշում է, որ Ուկրաինայի բնակիչներից ոչ ոք ռուսական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում չի մնա առանց սննդի, ջրի և առաջին անհրաժեշտության միջոցների։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Փետրվարի 28-ին բելառուսա–ուկրաինական սահմանին կայացած բանակցային առաջին հանդիպումից հետո հայտարարություններ եղան այն մասին, որ երկրորդ հանդիպումը կկայանա Լեհաստանի հետ սահմանային հատվածում։
Այսօր հայտնի դարձավ, որ երկրորդ փուլը կկայանա վաղը Բելառուսի Բելովեժյան թավուտում։