ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ռուսական բիզնեսը հետաքրքրվում է Հայաստանում ընկերություններ բացելու հնարավորություններով՝ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Արմենբրոկ» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։
Նա հստակեցրեց, որ իրեն դիմել են ոչ թե ներդրողները, այլ ռուսական իրավաբանական գրասենյակները, որոնք ներկայացնում են բիզնեսի շահերը: Այսպես թե այնպես, ռուս իրավաբանները հետաքրքրվել են, թե ինչպես կարելի է Հայաստանում բիզնես գրանցել, միջոցներ փոխանցել այստեղ, արդյոք Հայաստանի համար գործում են ինչ-որ միջազգային սահմանափակումներ։
«Այսինքն՝ որոշակի թվով ընկերությունների համար հետաքրքիր է առնվազն մասնակիորեն բիզնեսը մեր երկիր տեղափոխելը կամ Հայաստանի միջոցով գործարքներ իրականացնելը»,-նշեց Կայֆաջյանը:
Եթե խոսում են Հայաստան ռուսական ներդրումների ընդհանուր հոսքերի մասին, ապա պետք է հասկանալ, որ դրանք կարող են կրճատվել, ընդգծում է փորձագետը։
«Թե որքանով մեր տնտեսության համար մեկը մյուսին կփոխհատուցի, առայժմ դժվար է ասել»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ այս պահին ԱՄՆ-ն ամենախիստ պատժամիջոցները հայտարարել է ՎՏԲ-ի և ևս չորս բանկերի դեմ: Արտերկրում նրանց ակտիվները սառեցվել են, իսկ նրանց կողմից թողարկված Visa և Mastercard քարտերը չեն կարողանա սպասարկվել արտասահմանում և արտասահմանյան կայքերում (Ռուսաստանում դրանք կշարունակեն գործել):
«Սբերբանկի» և մի շարք այլ բանկերի համար մասնակի պատժամիջոցներ են հայտարարվել (օրինակ՝ «Սբերբանկի» համար կարգելափակվեն ԱՄՆ-ում թղթակցային հաշիվները, սակայն նրա ակտիվները չեն սառեցվի, իսկ քարտերը կշարունակեն գործել արտասահմանում): Պատժամիջոցներ են հայտարարվել նաև ՌԴ Կենտրոնական բանկի դեմ։
Բացի այդ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են ռուսական ընկերությունների համար Լոնդոնի ֆինանսական շուկաներում միջոցների ներգրավման արգելքը: Ինչպես նշում է Guardian-ը՝ վկայակոչելով Dealogic խորհրդատվական ընկերությանը, 2014-21 թվականներին ռուսական ընկերությունները Լոնդոնի LSE բորսայում շուրջ 14 միլիարդ ֆունտ են ներգրավել: