ՌԴ ՊՆ–ն հրապարակել է իր զոհերի թիվը

Ղրիմի սահմանին, արխիվային լուսանկար
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական կողմն առաջին անգամ է հրապարակում կորուստների պաշտոնական թվերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ուկրաինայում փետրվարի 24-ից իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական կողմից զոհվել է ավելի քան 490 զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հատուկ մարտական գործողությանը մասնակցող մեր ընկերների շրջանում կորուստներ կան՝ մարտական հերթապահության ժամանակ զոհվել է 498 ռուս զինծառայող, վիրավորվել են 1597–ը»,–ասել է ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նշենք, որ սրանք հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական կողմի հայտարարած առաջին պաշտոնական թվերն են։ Մինչ այդ ՊՆ–ն հայտնել էր, որ զոհեր ու վիրավորներ կան, բայց տվյալներ չէր հրապարակել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նաև ուկրաինական կողմի կորուստները։
Ըստ ՌԴ ՊՆ–ի` ուկրաինացի ազգայնականների և զինվորականների շրջանում մահացածների թիվը գերազանցում է 2870–ը, վիրավորների թիվը շուրջ 3700 է։
Հաստատված տվյալներով` գերեվարվել է 572 զինծառայող։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Փետրվարի 28-ին բելառուսա–ուկրաինական սահմանին կայացած բանակցային առաջին հանդիպումից հետո հայտարարություններ եղան այն մասին, որ երկրորդ հանդիպումը կկայանա Լեհաստանի հետ սահմանային հատվածում։