ՌԴ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն գործազրկության աճը նվազեցնելու համար. Պեսկով

Իշխանությունները նախապես հաշվարկել են գործազրկության ռիսկերը և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ռուսաստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն ռուսաստանցիներին աջակցելու և գործազրկության ռիսկը նվազագույնի հասցնելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով՝ ռուսաստանյան իշխանություններն այդ բնագավառում արդեն որոշակի փորձ ունեն։
«Անշուշտ, սա այն առաջնահերթ թեմաներից մեկն է, որով զբաղվելու է և արդեն զբաղվում է օպերատիվ շտաբը, որը ղեկավարում է կառավարության ղեկավար Միշուստինը։ Մենք մի քանի ճգնաժամ ենք անցել, և ամեն անգամ ուժեղ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի նվազագույնի հասցնենք գործազրկության աճի տեմպերը։ Այդպես կլինի նաև այս անգամ, բայց նորից եմ կրկնում․ հիմա խնդիրներ են առաջանում, և օպերատիվ շտաբը զբաղվում է դրանցով»,-ասել է Պեսկովը։
Նա հստակեցրել է, որ գործազրկության աճի ռիսկը հաշվարկվել էր։
Անցած հանգստյան օրերին Արևմուտքի երկրները նոր պատժամիջոցներ են նախաձեռնել Ռուսաստանի դեմ։ Այսպես, Եվրամիությունն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության կապակցությամբ ցանկացած ռուսական օդանավի արգելել է վայրէջք կատարել, օդ բարձրանալ կամ թռչել ԵՄ տարածքի երկնքով՝ ի լրումն իրենց ընկերություններին Ռուսաստան քաղաքացիական ինքնաթիռների և դրանց պահեստամասերի մատակարարումների արգելքի:
Բացի այդ, հայտնիէ դարձել, որ ԵՄ-ն արգելել է ՌԴ Կենտրոնական բանկի պահուստների կառավարման և ակտիվների հետ կապված գործարքները։ ԵՄ պետությունները կկարողանան գործարքներ իրականացնել Ռուսաստանի Բանկի (Банк России) հետ, եթե դա «խիստ անհրաժեշտ է» ֆինանսական կայունության ապահովման համար: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ՌԴ ԿԲ ֆինանսական պահուստների մոտ կեսը կսառեցվի՝ ԵՄ նոր պատժամիջոցների շնորհիվ:
Բացի այդ, ինչպես ասել են Գերմանիայի կառավարությունում, բոլոր ռուսական բանկերը, որոնք արդեն հայտնվել են միջազգային պատժամիջոցների տակ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ռուսական այլ բանկեր, կբացառվեն SWIFT վճարային հանձնարարականների համակարգից:
ՌԴ իշխանությունները պատասխան քայլեր են ձեռնարկել այդ սահմանափակումների դեմ՝ հայելային պատասխան տալով երկրի տարածքով եվրոպական փոխադրողների թռիչքների արգելքին։
Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունում բավականին երկար ժամանակ հնարավոր պատժամիջոցների պլանաչափ պատրաստություն է իրականացվել, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցների նկատմամբ, որոնց Ռուսաստանը բախվում է այսօր։