ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ռուսական կողմից տեղեկություն է ստացել Զապորոժիեի ԱԷԿ-ի հարակից տարածքը վերահսկողության տակ վերցնելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Երեկ Ռուսաստանը մեզ հայտնեց, որ իր զինված ուժերը վերահսկողության տակ են առել Զապորոժիեի ատոմակայանի՝ Ուկրաինայի խոշորագույն ատոմային էլեկտրակայանի հարակից տարածքը, որտեղ գտնվում են երկրի 15 գործող միջուկային էներգետիկական ռեակտորներից վեցը», - հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի առջև:
Նրա խոսքով` կարևոր է, որ զինված հակամարտությունն ու գործողությունները ոչ մի կերպ չընդհատեն Զապորոժիեի ԱԷԿ-ի և Ուկրաինայի ցանկացած այլ միջուկային օբյեկտների աշխատանքն ու վտանգի չենթարկեն այդ օբյեկտներում և հարակից տարածքներում աշխատող մարդկանց: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ, չնայած զինված հակամարտության արտակարգ հանգամանքներին, ուկրաինական ատոմային էլեկտրակայաններն աշխատում են սովորական ռեժիմով:
Խոսելով Չեռնոբիլի ԱԷԿ-ի մասին՝ նա հայտարարել է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել էլեկտրակայանի բոլոր օբյեկտները:
«Թեև սկզբում օբյեկտում ռադիացիայի բարձր մակարդակ էր արձանագրվել, հավանաբար ծանր ռազմական տեխնիկայի շարժման պատճառով, այդուհանդերձ ՄԱԳԱՏԷ-ն գնահատել է, որ դա բնակչության համար վտանգավոր չէ», - նշել է Գրոսին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։