ՀՀ–ում դիմակ դնելն այլևս պարտադիր չէ. նախարարություն

Դիմակով կին
Սահմանափակումների վերաբերյալ որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված կրկին կարող են վերանայվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը կայունացել է, և առողջապահության նախարարությունը որոշել է մեղմացնել սահմանափակումները: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Փակ տարածքներում դիմակ դնելու պարտադիր պահանջը հանվել է` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում դիմակ դնել՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– նշված է հաղորդագրության մեջ։

Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37459 դեպք) նվազել է 69%-ով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%, նախորդ 37.9%-ի փոխարեն:
Առողջապահության նախարարությունը հավելում է, որ սահմանափակումների վերաբերյալ որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված կրկին կարող են վերանայվել:
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
Վիրուսաբանները խոսել են կորոնավիրուսի ևս մեկ հետևանքի մասին
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։
2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
Դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։
2022 թվականի հունվարի 22-ից էլ, ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ մուտքը թույլատրվում է միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներին կամ նրանց, ովքեր ՊՇՌ-թեստի բացասական արդյունքի մասին (72 ժամը չգերազանցող) տեղեկանք կտրամադրեն: