ԱԺ–ում քննարկվում է ՀՀ նախագահ ընտրելու հարցը. ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը

Հայկ Կոնջորյանը նշեց, որ Վահագն Խաչատուրյանն իր կենսագրությամբ և անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Շարունակվում է ՀՀ ԱԺ հերթական քառօրյա նիստը։ Այսօր քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։
ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ԱԺ 65 պատգամավորների գրավոր դիմումով ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացնելով Խաչատուրյանին, նշեց, որ աշխատանքի բերումով նա մասնակից է եղել երկրի կայացման բազմաթիվ ծրագրերին։
«Վահագն Խաչատուրյանն ամուսնացած է, կինը մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է և 1998-ից աշխատում է առողջապահության նախարարության համակարգում։ Խաչատուրյանն ունի 2 զավակ և 2 թոռ»,–ասաց Կոնջորյանը։
Նրա խոսքով` Խաչատուրյանն իր կենսագրությամբ և անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը։ Կոնջորյանը հայտնեց` ՔՊ–ն միաձայն ընտրելու է Խաչատուրյանին։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել։