Ելենա Կարաևա, ՌԻԱ Նովոստի
Մաեստրո Գերգիևին Բավարիայի մայրաքաղաքի բուրգոմիստրը հեռացրել է Մյունխենի նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից։
Մի քանի ժամ անց պրիմադոննա Աննա Նետրեբկոյի անունը հեռացվել է Լա Սկալայի մարտ ամսվա ազդագրերից։
Միլանի թատրոնը հայտնել է, որ աշխարհի լավագույն սոպրանոներից մեկը «հիվանդ է»։
Օպերային բեմի աստղն անմիջապես պատասխանել է․ «Ես առողջ եմ, բայց չեմ գա»։
Այսպիսով, այն բանից հետո, երբ Ռուսաստանը փորձեցին «չեղարկել» տնտեսապես՝ սահմանափակումներ մտցնելով, ապա քաղաքականապես՝ պիտակավորելով նրան որպես «ագրեսոր», «ազատություններն ու առաջընթացը խեղդող», այսօր օրակարգում նոր, բայց, հավանաբար, ամենաբարդ խնդիրն է․ Ռուսաստանին դուրս են մղելու համաշխարհային մշակութային տարածքից՝ հետևողականորեն չեղարկելով ռուս երաժիշտների համերգները, դադարելով ռուս նկարիչների ցուցահանդեսներ կազմակերպել և անգամ լաքապատ մատիկով ռուսական գրականությունը մատնացույց անելով, թե տեսեք, այնտեղ դեռ մնացել են նրանք, ովքեր գովերգում են «կայսերական ոգին», և այդ գովերգողների թվում նշելով Լև Տոլստոյին ու նրա «Պատերազմ և խաղաղությունը»։
Որքան էլ աբսուրդ են հնչում ներկայիս լոզունգները, որքան էլ հրեշավոր են երևում ժամանակակից հերոստրատ-ատլանտիստները, նրանց նպատակներն այսօր բացարձակ թափանցիկ են․ մեզ (նրանց ֆինանսական աջակցությամբ նրանց, ովքեր խմբագրում են պատմությունը) այսուհետև կմերժեն մեր իսկ ժառանգությունը։
Իսկ ժառանգությունը ոչ Brent տեսակի նավթի գների մակարդակն է, ոչ բորսայում գազային սփոթերի գնանշումները, ոչ էլ նույնիսկ Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստները։
Ժառանգությունը մեր մշակույթն է։ Նովգորոդի բերեստյան տառերից մինչև Չայկովսկու Առաջին կոնցերտը, առաջին տպագրիչ Իվան Ֆյոդորովից մինչև Կարլ Ֆաբերժեի էմալային արվեստ, որն, ի դեպ, մինչև օրս դեռ ոչ ոք չի գերազանցել:
Ռուսական մշակույթի չեղարկումը սկսված է, սուլիչի ձայնը հնչել է, գործողություններն արդեն ավարտված են։
Նյու Յորքի «Կարնեգի հոլը» չեղարկել է համերգներին Վալերի Գերգիևի մասնակցությունը, որը պետք է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ լիներ։ Աֆիշներից հանել են նաև դաշնակահար Դենիս Մացուևի անունը։
Պատճառ չի նշվել, սակայն մամուլը, այդ թվում՝ «Նյու Յորք թայմսը», բարձրաձայնել է հռչակավոր համերգասրահի ղեկավարության, ինչպես նաև «Կարնեգի հոլի» հոգաբարձուների խորհրդի մտահոգությունները, որ «այս իրավիճակում մաեստրո Գերգիևի մասնակցությունը համերգներին կարող է սխալ հասկացվել և հանրությանը կարող է սխալ (sic! –հենց այդպես) ազդակ փոխանցվել»։
Քննադատաբար կարդալու դեպքում հետևյալ եզրահանգմանն ես գալիս․ խուլ ակնարկներից դատելով՝ աշխարհահռչակ դիրիժորից պահանջել են հրապարակավ պարզաբանել իր դիրքորոշումը ռուս-ուկրաինական ճգնաժամին վերաբերող վերջին իրադարձությունների լույսի ներքո։
Կարելի է ենթադրել, որ մոտավորապես նույն բանն է առաջարկվել անել նաև հայտնի դաշնակահար Մացուևին։
Դատելով արձագանքից և այն բանից, թե որքան արագ փոխարինող գտնվեց մաեստրո Գերգիևի համար, Նյու Յորքում ոչ ոք նրա և Մացուևի պատասխաններին չէր կասկածում:
Եվրոպան ևս ետ չի մնում հակառուսական կոալիցիայի իր ավագ գործընկերոջից։ Միանգամից երկու քաղաքների՝ իտալական Միլանի և բավարական Մյունխենի քաղաքապետները դիրիժոր Գերգիևի հասցեին նույնատիպ պահանջներ են արտահայտել և ճիշտ նույն կերպ պահանջել են ուրանալ (իրերն իրենց անուններով կոչենք, ժամանակն է) Ռուսաստանը։
Այո, այնտեղ ինչ-որ բան նշմարվեց «ձևակերպումների մասին, թե ինչպես է մաեստրոն այսօր վերաբերում Պուտինին և հավանություն տալիս է արդյոք նրա որոշումներին», սական միամիտ քաղաքական շղարշը չպետք է մոլորեցնի․ անգաժեմենտները (վարձահրավեր – խմբ.) պահպանելու համար, որոնք Եվրոպայում և ԱՄՆ-ում աշխատելու հնարավորություն են նշանակում, հայտնի երաժիշտից պահանջել են հրապարակավ ուրանալ Հայրենիքը։
Իրականում մենք ականատես ենք համամոլորակային և մինչև օրս չտեսնված մասշտաբի քաղաքարթական կործանման․ մեր օրերում ելույթ ունենալու, դիրիժոր լինելու, կատարումներ ներկայացնելու (վաղը՝ բեմ դուրս գալու, նկարելու, ցուցահանդեսի մասնակցելու) համար պահանջվում է հրապարակավ, ի լուր ամենքի նախ՝ ուրանալ սեփական երկիրը, երկրորդ՝ հավատարմության երդում տալ ատլանտիստական էլիտաներին, նույնպես հրապարակավ և իր լուր ամենքի։ Ի լուր ամբողջ աշխարհի։
Այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տաղանդը, վարպետությունը, ունակությունները, կատարման վիրտուոզությունը, դադարել են առհասարակ որևէ նշանակություն ունենալ, չէ՞ որ եթե կարելի է փոխարինել, ավելի ճիշտ՝ չեղարկել անձամբ Գերգիևին՝ Վիեննայի ֆիլհարմոնիկի վահանակի մոտ, իսկ անձամբ Մացուևին՝ «Սթեյնուեյի» ստեղնաշարի մոտ, այն էլ՝ «Կարնեգի հոլի» բեմում, թե՛ հանդիսատեսի, թե՛ հանրության բացարձակ լռության (այսինքն՝ համաձայնության նշանի) պայմաններում, նշանակում, որ արդեն ցանկացած մեկին կարելի է փոխարինել, ավելի ճիշտ՝ չեղարկել։
Առավել ևս, որ այդ մակարդակի երաժիշտների մոտ համերաշխությունն այնպիսին է, ինչպիսին կա, և նրանք, ովքեր դուրս են եկել և դեռ դուրս են գալու փոխարինելու, հրապարակավ որևէ կերպ չեն կասկածել նման որոշումների իրավացիությանը։
Այս ամենը տեղի է ունենում ոչ թե «սարսափելի ու տոտալիտար ԽՍՀՄ-ում», որտեղ իսկապես ընդամենը կես դար առաջ կարելի էր հեշտությամբ զրկվել թե՛ համերգ տալու, թե՛ խաղացանկ ընտրելու, թե՛ հրավիրող վայրը գնալու հնարավորությունից, ինչպես և՝ ինչ հարկավոր ես գտնում, ինչը քեզ գեղարվեստականորեն արդարացված է թվում՝ բեմադրելու ու այն կինոն նկարելու հնարավորությունից, որը, ըստ քեզ, կարևոր խնդիրներ է բարձրացնում։
Մենք դառնությամբ են դիտում, թե ինչպես է մինչև օրս բոլոր ազատություններով և իրավունքներով հպարտացող Արևմուտքում այսօր ծագում ամենամռայլ ու մոլեռանդ տեսակի օբսկուրանտիզմը (խավարամտությունը), որը ձևակերպվում է «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» նախադասությամբ, ինչպես է վերածնվում ամենահրեշավոր գրաքննությունը, որի լիազորները իրենց իսկ կամքով սկսում են ստուգել բացարձակ բոլորի հավատարմությունը՝ ոչ միայն այս պահից, այլև անցյալում, և եթե կենսագրության մեջ պահեր կան, որոնք ներկայիս ստուգողների կարծիքով բավականաչափ պայծառ չեն, ապա մարդուն անարգանքի սյունին են գամում։
Անկիրթ վայրենիների բռնապետությունն է այսօր օրակարգ ձևավորում եվրոպական մշակույթում, բռնապետներ, որոնք չգիտեն, թե ինչով է Բաբելը տարբերվում Բեբելից, իսկ Գոգոլը՝ Հեգելից։ Որովհետև այդպես ավելի հեշտ է փակել նրանց հաշիվները, ովքեր տաղանդավոր են և այդ տաղանդով են հզոր, հեշտ է գրավել նրանց տեղերը և այդ տեղերին համապատասխան հոնորարներ ու մնացած սոցփաթեթները ստանալ։
Նման բան միանշանակ չկար նույնիսկ այն ժամանակներում, որ այսօր պաթետիկ կերպով «երկու գաղափարաբանությունների հակամարտություն» են անվանում, երբ մարքսիզմ-լենինիզմն ու կապիտալիստական լիբերալիզմը մրցում էին նաև մշակութային ռինգում։
Այն ժամանակ թե՛ անգերազանցելի վիրտուոզ Դավիդ Օյստրախը, թե՛ Լեոնիդ Կուգանը, որը կարողանում էր ջութակին աստվածային ձայն հաղորդել՝ կոմունիստական ռեժիմին անսահման նվիրված և կուսակցական տոմսեր ունեցող այս երաժիշտները ճամփորդում էին այնքան, որքան հրավիրում էին, և այնտեղ, ուր հրավիրում էին, համերգներ էին տալիս ամբողջ աշխարհում և նրանցից ոչ մեկից, ինչպես և ոչ պակաս հայտնի պարողներից ու պարուհիներից չէին պահանջում խոնարհվել լիբերալ արժեքների առաջ՝ հանուն արևմտյան բեմ դուրս գալու հնարավորության։
Այն ժամանակվա եվրոպացի և ամերիկացի իմպրեսարիոները ժամանակակիցների համեմատ ասես վոլտերականներ լինեն՝ ընդդեմ ինկվիզիտորների։
Որովհետև ժամանակակիցների հագին թեկուզ փարաջաներ չեն, սակայն մտքերի ընթացքը, գաղափարախոսությունն ու իմաստների կառուցումը շատ նման են Եվրոպայի այն ժամանակներին, երբ «գլխավոր գծին» չհամաձայնողներին պարզապես վառում էին։ Հրապարակներում։
Խարույկ էին բարձրացնում կաթոլիկ հավատից բացի որևէ այլ հավատ դավանելու և «Երկիրը կլոր է ու կանգնած է երեք կետի մեջքին»-ից բացի որևէ այլ գիտելիքի համար։ Կանանց վառում էին գեղեցկության, ինքնակամության և մազերի սխալ գույնի համար։
Սա հայտնի է, բազմիցս նկարագրված է ու ամենագլխավորը՝ պատմականորեն ու իրավաբանորեն գնահատված է։
Դա բարբարոսություն է կոչվել։ Եվ հանցագործություն։
Այսօր կարելի է որքան ասես խոսել այն մասին, թե «շարքերը մաքրվում են» և «ամբողջանում է ընդհանուր-պրոգրեսիվ (կամ, եթե ուզում եք, հակառուսական) ճակատը», թեև Ռուսաստանում մենք գիտենք, թե ինչով է սովորաբար ավարտվում այդ «մաքրումը»։ Գիտենք սեփական, շատ դառը և տրավմատիկ փորձից։
Կցանկանայինք նախազգուշացնել, իհարկե։ Եթե մեր զգուշացումը դեռ պատրաստ են լսել։
Եվ վերջինը․Եվրոպայի ներկայի գրեթե ամբողջ հումանիստական փիլիսոփայությունը (իսկ եթե հումանիստական է, ուրեմն՝ ազատ է) դուրս է եկել Դանթեի «Աստվածային կատակերգության» եռատողերից։
Մեծն ֆլորենտացին, որին հայրենի քաղաքից աքսորել էին բանաստեղծական խոսքի գաղափարներին և ճշմարտությանը նվիրված լինելու համար, իզուր չէ, որ դավաճաններին տեղավորել է դժոխքի իններորդ՝ ամենասոսկալի, ամենամռայլ ու անհույս շրջանում։
Եվ այստեղ ռուսական մշակույթն ու իտալական Վերածնունդը համամիտ են․ անգաժեմենտների համար համոզմունքները վաճառելը մեղք է։ Հետևանքները ահավոր կարող են լինել։
Մաեստրո Գերգիևը, որը չի գայթակղվել «անգաժեմենտներով», այսօր Եվրոպային թե իրական եվրոպական, թե ռուսական ոգու օրինակ է ցույց տալիս։
Թե՛ Եվրոպան ու իր մշակույթը, թե՛ Ռուսաստանն ու իր մշակույթը նրան դրա համար դեռ բարձր ծափահարելու են, երբ ժամանակը գա։