ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ռազմական արդյունաբերության նկատմամբ

Սպիտակ տունը Վաշինգտոնում
Ուկրաինայում ռազմական գործողություների պատճառով ԱՄՆ-ն և դաշնակիցները նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ–ի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն դաշնակցների հետ նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ–ի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների դեմ` կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։ Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տունը։
Դրանցով ամբողջությամբ արգելափակվում է Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ձեռնարկությունների աշխատանքը։
Ըստ ՌԻԱ Նովոստիի` այս սահմանափակումները վերաբերելու են ՌԴ ռազմաարդյունաբերական 22 ձեռնարկությունների, ներառյալ` մարտական ինքնաթիռների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Փետրվարի 28-ին բելառուսա–ուկրաինական սահմանին կայացած բանակցային առաջին հանդիպումից հետո հայտարարություններ եղան այն մասին, որ երկրորդ հանդիպումը կկայանա Լեհաստանի հետ սահմանային հատվածում։
Այսօր հայտնի դարձավ, որ երկրորդ փուլը կկայանա վաղը Բելառուսի Բելովեժյան թավուտում։