ԱՄՆ էներգետիկ ընկերությունները կոչ են անում պատժամիջոցներ չկիրառել ՌԴ-ից եկող ուրանի դեմ

ԱԷԿ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում. Արխիվային լուսանկար
ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցներն ամեն օր թարմացվում են, և դա հարված է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև արևմտյան երկրների տնտեսությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Մի շարք ամերիկյան էներգետիկ ընկերություններ, որոնց թվում են Duke Energy Corp-ը, Exelon Corp-ը, ինչպես նաև ԱՄՆ-ի Ատոմային Էներգետիկայի ինստիտուտը, Սպիտակ տանը կոչ են անում պատժամիջոցներ չկիրառել ռուսական ուրանի դեմ։ Աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ NEI-ն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ՌԴ-ից ուրանի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները չհայտնվեն ՌԴ էներգետիկ հատվածին ուղղված պատժամիջոցների փաթեթում:
Ինչպես նշել է Reuters գործակալության զրուցակիցներից մեկը, ԱՄՆ-ի ատոմային էներգետիկան կախված է «Ռուսաստանից ստացվող էժան ուրանից»։
ԱՄՆ Էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության և Համաշխարհային միջուկային ասոցիացիայի գնահատումների համաձայն, որոնք մեջբերում է Reuters-ը, ամերիկյան ԱԷԿ-ների աշխատանքի համար անհրաժեշտ ուրանի ծավալի գրեթե կեսը ԱՄՆ-ն ստանում է Ռուսաստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից:
Ինչ վերաբերում է նոր պատժամիջոցներին, ապա American Express-ը հայտարարել է ռուսական բանկերի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, Boeing-ը դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների սպասարկումն ու տեխնիկական աջակցությունը, Ford-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում, Apple-ը՝ իր արտադրանքի վաճառքը ՌԴ-ում:
Ավելի վաղ ԵՄ-ին առընթեր Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն Էին տվել Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներին, այդ թվում՝ SWIFT միջազգային միջբանկային համակարգից ռուսական որոշ բանկերի անջատմանը: Այդ միջոցները կհրապարակվեն ԵՄ պաշտոնական ամսագրում, որից հետո ուժի մեջ կմտնեն, նշվում Է փաստաթղթում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Արևմուտքը տնտեսական բազմաթիվ ու բազմատեսակ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և ՌԴ-ի հայտնի մարդկանց նկատմամբ։