ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Airbus ընկերությունը դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների սպասարկման և Ռուսաստան պահեստամասերի մատակարարման բոլոր ծառայությունները, հաղորդում է Reuters գործակալությունը:
Airbus-ը հայտարարել է նաև Ռուսաստանում ինժեներական հարթակի գործունեության դադարեցման մասին:
Ավելի վաղ Boeing-ը դադարեցրել էր ռուսական ավիաընկերությունների սպասարկումն ու տեխնիկական աջակցությունը:
«ԱվիաՊորտ» գործակալության ղեկավար Պանտելեևը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Ռուսաստանում Boeing ինքնաթիռների տեխնիկական սպասարկմամբ կարող է զբաղվել ռուսական ընկերությունը, և նրանք կկարողանան շարունակել թռիչքներ իրականացնել:
Դրա հետ մեկտեղ Ռազմավարական մշակումների կենտրոնի առաջին փոխնախագահ Տատյանա Գորովայան հայտարարել է, որ Ռուսաստանի ավիաընկերությունների կողմից լիզինգում գտնվող Airbus և Boeing ինքնաթիռները վերադարձնելը կարող է երկրում ինքնաթիռների դեֆիցիտ հրահրել:
«Airbus-ի բաժինը Ռուսաստանի օդային պարկում կազմում է 30 տոկոսից մի փոքր ավելի, ևս 30 տոկոսից մի փոքր ավելի Boeing-ի բաժինն է։ Ֆիզիկական արտահայտմամբ՝ մոտ 300 Airbus և Boeing ինքնաթիռներ են… տեխնիկայի զգալի մասը լիզինգի մեջ է։ Եվ, համապատասխանաբար, բոլոր խոշոր ավիաընկերությունները օգտագործում են եվրոպական և ամերիկյան օդային նավատորմը։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի ավիացիայի համար հետևանքները բարդ կլինեն, իսկ լիզինգում գտնվող պարկը, հավանաբար, ստիպված կլինեն վերադարձնել։ Կարող է դեֆիցիտ առաջանալ»,-ասել է Գորովայան։
Նա ավելացրել է, որ ՌԴ-ի ավիաընկերությունները դեռ չեն վերականգնել համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական դրությունը։
2021 թվականի արդյունքներով՝ ՌԴ-ում ներքին փոխադրումների մասնաբաժինը ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալում կազմում է 68 տոկոս։ 2019 թվականին, օրինակ, միջազգային փոխադրումների ծավալը ներքին փոխադրումների ծավալից մի փոքր բարձր է եղել` 58 տոկոս՝ միջազգային, և 42 տոկոս՝ ներքին փոխադրումներ:
Եվրամիությունն անցյալ շաբաթ հրապարակել Է պատժամիջոցների փաթեթը, որի համաձայն եվրոպական ընկերություններին արգելվում է արտասահմանյան արտադրության քաղաքացիական ինքնաթիռների և դրանց պահեստամասերի մատակարարումները Ռուսաստան: Բացի այդ, ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԵՄ-ի պատժամիջոցները տարածվում են նաև եվրոպական լիզինգատուների հետ գործող պայմանագրերի վրա: