3 միլիոն վարչապետ էինք, հիմա մեզ չեն լսում. փարաքարցիները բողոքի ակցիա են իրականացնում

Խոշորացված համայնքի բնակիչները պատրաստվում են պայքարել մինչև վերջ, որպեսզի վերականգնվի արդարությունը։ Վերջիններս ցանկանում են գրություն հանձնել Արմավիրի մարզպետին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Փարաքար խոշորացված համայնքի նոր ղեկավարի ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում։
Հավաքվածներն ընդգծեցին, որ համայնքի 60 %-ից ավելին դեմ է «Դավիթ Մինասյան» դաշինքի ղեկավար Դավիթ Մինասյանի` Փարաքարի ղեկավար լինելուն և պահանջում են արտահերթ ընտրություններ: Նրանք պնդում են, որ պայքարելու են անօրինականության և անարդարության դեմ ու բողոքելու ենք այնքան, մինչև կառավարությունում իրենց ձայնը լսելի դառնա։ Հավաքվածները ցանկանում են իրենց համայնքի ղեկավարի դերում տեսնել «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանին։
«Մեր ակնկալիքն այն է, որ ոչ թե ժողովրդի կողմից, այլ իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարը և ավագանու անդամները հասկանան, որ իրենք ժողովրդի կողմից չեն ընտրված և չեղյալ համարեն իրենց ընտրությունը: Ժողովուրդը չի ընդունում իրենց ղեկավարումը»,– նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեկ այլ փարաքարցի էլ` Մերձավանի բնակիչ Վոլոդյա Մարտիրոսյանը, հիշեց, որ 2018 թվականին` հեղափոխության օրերին ներկա իշխանությունն ասում էր, թե 3 մլն վարչապետ կա, սակայն հիմա ոչ մեկի ձայնը չեն ցանկանում լսել։
Մերձավանի մի ուրիշ բնակիչ ն էլ ասաց, որ դրական փոփոխություններ այս մի քանի ամսում չեն եղել, անգամ մանկապարտեզի վարձն է ավելացել, որը չեն պատրաստվում վճարել։
«Մեր երեխաներին մանկապարտեզ չենք տանելու, թող իրենք մտածեն։ Նախկինում 7000 դրամ էր, սակայն մենք 5000 դրամ էինք վճարում, բոլոր ընտանիքների 2000-ական դրամները մեր գյուղապետը տարիներ շարունակ ֆինանսավորել է։ Այժմ թանկացրել են վարձավճարը»,– ասաց Մերձավանի բնակիչը։
Ակցիայի ընթացքում Փարաքար համայնքի բնակիչ մի կին մոտեցավ հավաքվածներին, փորձեց պարզել, թե ինչու են բողոքի ակցիա իրականացնում ու նշեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է ու ընտրել է Դավիթ Մինասյանին։ Լրագրողների հարցին, թե ի՞նչ հարցով է նա եկել բողոքի ակցիային, նշեց, որ իրեն ասել են, թե Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու համար են հավաքվել, այնուհետև հեռացավ։
Ակցիային միացավ նաև Վալոդյա Գրիգորյանը և ասաց, որ իրենք պատրաստվում են Արմավիրի մարզպետարան ուղևորվել և մարզպետին գրություն հանձնել։
«Նիստերի ժամանակ հավաքվում ենք ու այնքան են հավաքվելու, մինչև ժողովրդի պահանջը կատարվի»,– ասաց Գրիգորյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները ավտոերթով, ազդանշաններով ուղևորվեցին Արմավիրի մարզպետարան։ Մեքենաների վրա փակցված էին «Ասում ենք ոչ անարդարությանը» գրառմամբ պաստառներ։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում իրավիճակը սրվել է 2021-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո։ Քվեարկության արդյունքներից ելնելով «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանը հայտարարում էր, որ հաղթել է և ինքն է համայնքի ղեկավարը, իսկ համանուն դաշինքի ղեկավար Դավիթ Մինասյանը վիճարկում էր դա։
Բանն այն է, որ «Ապրելու երկիրը» ձայների թվով առաջ էր անցել մյուս երկու քաղաքական ուժերից, սակայն վերջիններս, կոալիցիա կազմելով, առավելություն ստացան։
Կտրուկ շրջադարձ Փարաքարում. «Ապրելու երկիր»-ի ավագանու անդամները հրաժարվեցին մանդատներից
Արդյունքում Դավիթ Մինասյանը փորձեց հարցը լուծել դատարանի միջոցով։ Տարվա սկզբին նշանակվեց ավագանու նոր նիստ, որտեղ պետք է կրկին համայնքի ղեկավարի ընտրեին։ Այդ օրը տեղի ունեցավ բողոքի ակցիա և հրմշտոց ցուցարարների ու ոստիկանության միջև։
Երկրորդ փորձից ընտրեցին Մինասյանին, որն առաջիկա հինգ տարվա ընթացքում կառավարումը կկիսի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ։ Ի նշան բողոքի՝ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ներկայացուցիչները վայր են դրել մանդատները՝ բացատրելով դա առճակատումից խուսափելու ցանկությամբ։