Զելենսկին հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում Ուկրաինայի դեսպաններին

Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահին դուր չի եկել Վրաստանի և Ղրղզստանի դիրքորոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր երկրի դեսպաններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Պատժամիջոցների նկատմամբ ոչ բարոյական դիրքորոշման համար անհապաղ հետ ենք կանչում Վրաստանի դեսպանին», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներին:
«Մեր դիվանագետները հենց հիմա արդար և բացարձակապես անհրաժեշտ որոշումներ են իրագործում այն երկրների նկատմամբ, որոնք դրժել են իրենց ասածն ու միջազգային իրավունքը։ Խորհրդակցությունների համար անհապաղ հետ ենք կանչում Ղրղըզստանի դեսպանին Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար»,– ասել է Զելենսկին։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել էր, որ Կիևն է պատասխանատվություն կրում Մինսկի պայմանավորվածությունների խափանման համար, և աջակցություն էր հայտնել Դոնբասի խաղաղ բնակչությանն ուղղված ռուսական կողմի վճռական գործողություններին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: