Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրենը 15 մլրդ դրամի վնաս է տվել պետությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. Արխիվային լուսանկար
2021 թվականի դեկտեմբերի 29-ին կազմվել է ստուգման ակտ և առաջադրվել լրացուցիչ գանձման ենթակա ընդհանուր15.017.640.469 ՀՀ դրամ պարտավորություններ, որոնք 2022թ.-ին ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե` մեղադրյալ անձի կողմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն հանդիսացող անձը, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով կատարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ։ Դրա հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից և հավելում, որ մանրամասները պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի քննությամբ։
Այսպես, քրեական գործի նախաքննության ընթացքում ամբողջությամբ բացահայտվել և հիմնավորվել է վերը նկարագրված հանցավոր սխեմայի իրական բովանդակությունն ու նպատակը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գործադիր մարմնի ղեկավար հանդիսացող անձը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պղնձի խտանյութի մատակարար և Արաբական Միացյալ էմիրություններում հաշվառված, փաստացի որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ ձևականորեն կնքված մատակարարման պայմանագրերի հիման վրա հաշվապահորեն ձևակերպվել է, թե իբր պղնձի խտանյութը դրա շուկայական գնից ակնհայտ ցածր արժեքով մատակարարվել է այդ կազմակերպություններին։
Այնինչ փաստացի պղնձի խտանյութը միջազգային շուկայական արժեքներով անմիջապես մատակարարվել է իրական գնորդ հանդիսացող և պղնձի խտանյութի վերամշակմամբ զբաղվող օտարերկրյա կազմակերպություններին:
ՏԿԵ փոխնախարարն այցելել է Սյունիքի մարզի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Այնուհետև Արաբական Միացյալ Էմիրություններում հաշվառված կազմակերպությունների բանկային հաշիվներին իրական գնորդ հանդիսացող կազմակերպություններից ստանալով ձեռք բերված պղնձի խտանյութի իրական արժեքի վճարումները, այդ գումարների մի մասը փոխանցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հաշիվներին, իսկ կիրառված սխեմայի արդյունքում գոյացած ֆինանսական միջոցների գերակշիռ մասը տնօրինել և ծախսել է այլ ուղղություններով: Նման եղանակով ընկերության ղեկավար անձի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության իրական շահույթը տեղափոխվել է օտարերկրյա կազմակերպությունների ռեզիդենտության երկրներ՝ այդ կերպ զրկելով Հայաստանի Հանրապետությանն իրական արժեքներով մատակարարումներից գոյացած հարկվող շահույթը հարկելու հնարավորությունից:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասխան ելակետային տվյալների հիման վրա 2021 թվականի դեկտեմբերի 29-ին կազմվել է ստուգման ակտ և առաջադրվել լրացուցիչ գանձման ենթակա ընդհանուր15.017.640.469 ՀՀ դրամ պարտավորություններ, որոնք 2022թ.-ին ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե:
Հատկանշական է, որ 2017-2019թթ. ընկերության իրական հարկվող շահույթը պակաս ցույց տալու հետևանքով հարկերի և վճարների տեսքով պետությանը պատճառված 15.017.640.469 ՀՀ դրամ գումարը՝ տույժերով և քրեական գործով հանդերձ, վերականգնվել է ոչ թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործող ակտիվների հաշվին, այլ՝ սույն քրեական գործով մեղադրյալ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ վերջինիս անձնական միջոցներից: