ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Վրաստանը պատասխան քայլեր չի ձեռնարկի Ուկրաինայում իր դեսպանին երկրից հետ կանչելու վերաբերյալ։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Վրաստանում Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին՝ ի պատասխան պաշտոնական Թբիլիսիի՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին չմիանալու մտադրության:
«Մենք ոչ մի որոշում չենք կայացնի։ Բացառված է, որ նման քայլեր անենք մեր դիվանագետների նկատմամբ»,- հայտարարել է Զալկալիանին։
Նրա խոսքով՝ Վրաստանի դեսպանը և դեսպանատան ամբողջ կազմը գտնվում են Ուկրաինայում, ինչը ևս մեկ աջակցության, համերաշխության ժեստ է ուկրաինացի գործընկերների նկատմամբ:
Նախարարը նշել է, որ ուկրաինացի դեսպանի համար նույնպես նման արձագանքն անակնկալ էր, սակայն նա պետք է ենթարկվի հրահանգներին:
Զալկալիանին նշել է, որ չի կարող ոչ մի կերպ բացատրել Ուկրաինայի նախագահի որոշումը։ Վրաստանի ԱԳ նախարարը մի շարք խորհրդակցություններ է անցկացրել այդ հարցի շուրջ, այդ թվում՝ Մոլդովայի իր գործընկերոջ հետ, նրանց դիրքորոշումները համընկնում են։
Նա ընդգծել է, որ Թբիլիսին իր կողմից հսկայական քաղաքական աջակցություն է ցուցաբերել Կիևին։ Վրաստանի փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հետ հարաբերությունները կվերադառնան երկկողմ ռազմավարական համագործակցության նախկին մակարդակին։