«Վերին Լարսով» Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

«Վերին Լարս». Արխիվային լուսանկար
Գուդաուրի-Կոբի և Մլետա-Գուդաուրի հատվածներում մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը թույլատրված է ձնապաշտպան թունելներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Վերին Լարսով» Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գուդաուրի-Կոբի և Մլետա-Գուդաուրի հատվածներում ձնապաշտպան թունելներով թույլատրվում է երթևեկությունը մնացած տրանսպորտային միջոցների համար։
Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխանություններն աշխատանքներ են տանում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի–Գուդաուրի ամենաբարդ ու վտանգավոր հատվածի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում 9 կմ երկարությամբ թունել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։