Վալերի Գերգիևին հեռացրել են Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբից

Ավելի վաղ Գերգիևին խնդրել էին հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողությունների վերաբերյալ իր դիրքորոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի Sputnik. Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբն ազատել է ռուս դիրիժոր Վալերի Գերգիևին գլխավոր դիրիժորի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ավելի վաղ երաժիշտին խնդրել էին հստակ դիրքորոշում զբաղեցնել Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով DPA գործակալությանը։
Փետրվարի 25–ին Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռայթերը հայտարարել էր, որ եթե Վալերի Գերգիևն «իր դիրքորոշումը չհայտնի մինչև երկուշաբթի, նա չի կարողանա մնալ գլխավոր դիրիժորի պաշտոնում»։
Այսօր` մարտի 1–ին, Ռայթերը հայտարարեց, որ Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը խզում է պայմանագիրը Գերգիևի հետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: