Ուղիղ բանակցություններ են ընթանում, Պուտին – Զելենսկի շփում դեռ չի նախատեսվում. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այժմ ուղիղ բանակցություններ են ընթանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը, կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել բելառուսա-լեհական սահմանին:
«Ռուսական և ուկրաինական պատվիրակության միջև ուղիղ բանակցություններ են ընթանում», - ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը մտադիր է քննարկել Ուկրաինայի հետ բանակցությունների այլընտրանքային տարբերակները՝ հաշվի առնելով Ղազախստանից և Թուրքիայից ստացած` միջնորդության վերաբերյալ առաջարկությունները:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև ուղիղ շփումներին, ապա Պեսկովը նշել է, որ առայժմ նման շփում ծրագրված չէ։
«Ոչ, առայժմ ոչ», - հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ռուս-ուկրաինական բանակցություններից հետո արդյոք Պուտինը նախատեսում է զրուցել Զելենսկու հետ:
Կիևն ազդանշաններ է ստացել. Զելենսկին խոսել է բանակցությունների առաջին փուլի մասին
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: