Տնտեսվարողները կշահեն ապրանքները ՀՀ–ից դեպի Ռուսաստան վերաարտահանելու դեպքում. տնտեսագետ

Հայկազ Ֆանյան
ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես Հայաստանը կարող է Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջնորդ հանդիսանալ` ստանալով շոշափելի տնտեսական օգուտներ։
Sputnik
ԱՄՆ–ի ու ԵՄ–ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների ֆոնին Հայաստանը` որպես միջնորդ պետություն, ճիշտ մանևրելու և ակտիվ գործողություններ ձեռնարկելու դեպքում կարող է շոշափելի տնտեսական օգուտներ ստանալ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը` անդրադառնալով առևտրի, ֆինանսական, զբոսաշրջության ու մշակող արդյունաբերության ոլորտներում փոխգործակցության հեռանկարին։
Նա հիշեցրեց ավտոմեքենաների ներկրման ու հետագայում նաև արտահանման օրինակը, ինչից բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ շահեցին, հետևաբար նման մեխանիզմ կարելի է կիրառել նաև ՌԴ–ի դեմ պատժամիջոցների պարագայում։
Այդուհանդերձ Ֆանյանն ընդգծեց, որ մենք պատժամիջոցներին ծանոթ ենք հայտարարությունների մակարդակով, և եթե դրանք վերստին կյանքի կոչվեն կոնկրետ ոլորտներում, ապա այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել փոխգործակցության կոնկրետ մոդելների կիրառման մասին։

«Դառնալով միջնորդ Ռուսաստանի և աշխարհի միջև՝ հայաստանյան տնտեսավարողները կարող են շոշափելի օգուտներ ստանալ ապրանքներ ներմուծելով և վերաարտահանելով ՌԴ, ու այս հնարավորությունը վերաբերում է ոչ միայն ԵՄ-ՌԴ, ԱՄՆ-ՌԴ առևտրին, այլ նաև մյուս երկրների հետ առևտրին»,– ասաց տնտեսագետը։

Ֆանյանի դիտարկմամբ`և՛ կազմակերպությունները, և՛ ֆիզիկական անձինք, որոնք կցանկանան հաշիվներ բացել ՀՀ–ում, կարող են օգտվել տեղի քարտային համակարգից դրսում առևտուր իրականացնելու համար, որովհետև այս պահին ՌԴ շարքային քաղաքացիների դեմ պատժամիջոցներ չեն կիրառվում, հետևաբար գալով Հայաստան` նրանք կարող են ձեռք բերել տեղական Mastercard կամ Visa Card, որպեսզի օգտվեն Apple Pay-ի և Google Pay-ի ծառայություններից։
Ըստ նրա` ՌԴ քաղաքացիները կօգտվեն մեր բանկային համակարգից, իսկ հայկական կողմը կստանա օգուտներ գանձվող միջնորդավճարների տեսքով։
«Իրավիճակից կարող է շահել նաև զբոսաշրջության ոլորտը։ ՌԴ քաղաքացիների համար վիզաների չեղարկումը ԵՄ–ի կողմից և հաղորդակցության ընդհատումը նրանց կստիպի հանգստի համար ընտրել այլընտրանքային ուղղություններ, և այդ դեպքում Հայաստանը նույնպես կդիտարկվի որպես ձեռնտու տարբերակ։ Տնտեսական պատժամիջոցները, ինչ խոսք, վատ դրության մեջ են դնելու ՌԴ քաղաքացիներին` սահմանափակելով նրանց գնողունակությունն արտագնա զբոսաշրջային ծառայություններից օգտվելու առումով, ուստի այդ պարագայում Հայաստանն իր մատչելի ծառայություններով կարող է գրավել ռուսաստանաբնակ զբոսաշրջիկներին, որոնց հոսքն այդպիսով կարող է զգալիորեն մեծանալ»,– ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով մշակող արդյունաբերության ոլորտի փոխգործակցությանը` Ֆանյանն ընդգծեց, որ բազմաթիվ արևմտյան ընկերություններ, որոնց դուստր արտադրական ձեռնարկությունները հիմնվել են Ռուսաստանում տեղի շուկան սպասարկելու նպատակով, մատակարարման շղթաների խափանման դեպքում կարող են վերատեղակայել իրենց արտադրական հզորությունները ԵԱՏՄ անդամ Հայաստանում` այստեղ հումքը ներկրելուց և պատրաստի արտադրանք թողարկելուց հետո այն վերստին Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանելու նպատակով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի նկատմամբ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։
ՎՏԲ բանկի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն ազդի ՀՀ–ի հաճախորդների վրա