TikTok-ն ու Meta–ն արգելափակել են RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերը ԵՄ-ում

Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք գտնվում են Իսպանիայում և Գերմանիայում, արդեն հաստատել են, որ RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերն այդ երկրներում չեն աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ԵՄ-ում արգելափակվել են «Ռուսաստանի կառավարության կողմից աջակցություն ստացող» լրատվամիջոցների, այդ թվում՝ RT-ի և Sputnik-ի TikTok–յան հաշիվները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NPR-ի լրագրող Բոբի Էլինին։
«TikTok-ի խոսնակը NPR-ին հաստատել է, որ Ռուսաստանի կառավարության կողմից աջակցություն ստացող լրատվամիջոցների հաշիվները, ներառյալ RT-ն և Sputnik-ը, այժմ արգելափակված են ԵՄ ողջ տարածքում»,– գրել է լրագրողը Twitter-ում։
ՌԻԱ Նովոստիի` Իսպանիայում և Գերմանիայում գտնվող թղթակիցները հաստատել են, որ RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերը այդ երկրներում չեն աշխատում։
ԵՄ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Տիգրան Քեոսայանը, Ռոման Բաբայանը և Ռուստամ Մուրադովը
Ամերիկյան Meta ընկերությունն իր հերթին ԵՄ-ում սահմանափակել է RT–ի և Sputnik–ի սոցցանցային էջերը։ Ընկերության փոխնախագահ Նիկ Քլեգը հայտարարություն է արել Twitter-ում` նշելով, որ հաշվի առնելով ներկա իրավիճակի արտակարգ բնույթը` սահմանափակում են RT–ի և Sputnik–ի հաշիվները ԵՄ տարածքում։
Հիշեցնենք` Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փետրվարի 27-ին հայտարարել էր ԵՄ-ում ռուսական մի շարք լրատվամիջոցների աշխատանքի արգելափակման մասին՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոց։ Ֆոն դեր Լեյենն ասել էր, որ արգելքը կներառի RT-ն, Sputnik-ը և նրանց դուստր ձեռնարկությունները: ԵՀ ղեկավարը հավելել էր, որ Եվրահանձնաժողովը դրա համար անհրաժեշտ գործիքներ է մշակում։
«Mastercard»–ը որոշ կառույցների համար արգելափակել է վճարային ցանցի հասանելիությունը