«Շերեմետևո» օդանավակայանի տնօրենների խորհրդի ղեկավարը վայր է դնում լիազորությունները

Ալեքսանդր Պոնոմարերենկո
Ալեքսանդր Պոնոմարերենկոն հույս է հայտնել, որ միջազգային ճգնաժամը շուտափույթ լուծում կստանա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պոնոմարերենկոն Եվրամիության սահմանած պատժամիջոցների ցուցակում հայտնվելու պատճառով որոշել է վայր դնել իր լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«ԵՄ խորհրդի որոշման հիմնավորման մեջ խոսվում է Գելենջիկում գտնվող անշարժ գույքի մասին, որի վերաբերյալ ես բազմաթիվ անգամ մեկնաբանություններ եմ տվել ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին` նշելով, որ այդ նախագծից դուրս եմ եկել 2016 թվականին, չեմ մասնակցել ֆինանսավորմանը և այդ ժամանակվանից կապ չունեմ դրա հետ։ Ես նաև ծանոթ չեմ Սերգեյ Ակսյոնովի հետ և երբեք չեմ հանդիպել նրա հետ», – ասված է նրա հայտարարության մեջ։

Պոնոմարերենկոն հույս է հայտնել, որ ստեղծված միջազգային ճգնաժամը շուտափույթ լուծում կստանա, երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները կկարգավորվեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոնոմարերենկոյին ներառել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում: Փաստաթղթում նշված էր, որ նա նյութական կամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այն անձանց, որոնք պատասխանատու են «Ղրիմի բռնազավթման և Ուկրաինայի ապակայունացման համար»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: