ԵՐԵՎԱՆ, 1 մարտի -Sputnik. Գազի սակագինն ապրիլի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են սոցիալապես անապահով սպառողները (տարեկան մինչև 600 խմ բնական գազ)։
ՀԾԿՀ–ի որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների սպառողների համար գազի գինը կմնա անփոփոխ` 1խմ–ի դիմաց` 100 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)։
Բնակչությանը մնացած հատվածի համար գազի 1 խմ–ը կթանկանա 4․7 դրամով՝ ներկայիս 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։
Հանձնաժողովի որոշմամբ, որոշ արտոնություններ են սահմանվել գյուղոլորտի տնտեսվարողների համար։ Մասնավորապես` ջերմոցային տնտեսությունների համար սահմանվել են սեզոնային զեղչեր, այսպես` ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը նրանք 1000 խմ–ի դիմաց կվճարեն 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1խմ–ի դիմաց շուրջ 114 դրամ` ըստ այդ պահին դոլարի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին ջերմոցային տնտեսություները կվճարեն ՀՀ շարքային պառողների պես` 1 խմ–ը 143.7 դրամ սակագնով։
Գյուղատնտեսության ոլորտի վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսությունների համար գազի սակագինն ամբողջ տարին կլինի անփոփոխ` 1000 խմ–ի համար 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Հայաստանյան այլ տնտեսությունները, այդ թվում` ՋԷԿ–երը ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար կվճարեն բնակչության համար սահմանված սակագնով` 143.7 դրամ, իսկ 10 000 խորանարդ մետրից ավել սպառած յուրաքանչյուր 1000 խմ գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 130 դրամ՝ այսօրվա փոխարժեքով)։
Համեմատության համար նշենք, որ այս խոշոր սպառողների համար նախկինում մինչև 10 000 խորանարդ մետր գազի համար գործում էր 139 դրամ/1 խմ սակագին, 10 000 խմ–ից ավել սպառած յուրաքանչյուր 1000 խմ–ի դիմաց` 255.91 դոլարին համարժեք դրամ։