Պատերազմի օրերին Արցախի ՊԲ հրամանատարը լքել է մարտադաշտը. քրգործը դատարանում է

Մարտական դիրքում գտնվող զինվորական, արխիվային լուսանկար
Նորակոչիկների գումարտակի հրամանատարը մեղադրվում է զինվորների կորուստների հանգեցրած անգործության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նորակոչիկների գումարտակի հրամանատարը մեղադրվում է զինծառայողների կորուստների հանգեցրած անգործության, մարտադաշտն ինքնակամ լքելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության` հիմնավորվել է, որ ՊԲ N զորամասի նորակոչիկների գումարտակի հրամանատար, մայոր Ի.Վ.-ն 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտերին չմասնակցելու և սեփական կյանքը չվտանգելու համար անգործություն է դրսևորել: Մասնավորապես նա չի կատարել իր պարտականությունները, որի հետևանքով Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհետ կորել, գերեվարվել, ինչպես նաև ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Ի.Վ.-ն 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:
Այս տարվա փետրվարի 2-ին Ի.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործություն) և 380-րդ հոդվածի 1-ին մասով (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը)։
Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատել է,և քրգործն ուղարկվել է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան:
Արցախի բանակի նախկին հրամանատարը բացատրել է` ինչ էր անում «բունկերում» պատերազմի ժամանակ