ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկայում կհանդիպեն։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Ըստ հաղորդագրության` նրանք զրուցել են հեռախոսով և անդրադարձել Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցերի:
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հարցը։
«Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հայտնել էր, որ մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» խորագրով համաժողով է անցկացվելու Փարիզում։ Լըմուանը նաև տեղեկացրել էր, որ ֆրանսիական կողմը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել է տնտեսական համագործակցության մի հավակնոտ ճանապարհային քարտեզ։