ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. «Ոչ պիտանի» հրթիռների գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանի` «Պատրոն Դավիթի» պաշտպանն իրավապահ համակարգին առաջարկում է փոխհատուցել հրթիռների գումարը։ Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց այդ մասին` անդրադառնալով հարուցված քրգործին։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ ՀՀ բերված հրթիռների մի մասը, ըստ ԱԱԾ–ի, չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Նախաքննության և դատաքննության ընթացքում մենք քանիցս դիրքորոշում ենք հայտնել, որ եթե հրթիռների հետ կապված ժամկետի և որակի խնդիրներ կան, կարող ենք վերականգնել, այսպես ասած, «հնարավոր վնասը»։ Իհարկե, մենք շարունակում ենք չընդունել մեղքը, սակայն առաջարկում ենք հրթիռները հետ ստանալ և գումարը վերադարձնել»,–ասաց Անդրիկյանը։
Նրա խոսքով` այս առնչությամբ պաշտպանության նախարարություն գրություն են ուղարկել և հետաքրքրվել, թե արդյոք այդ հրթիռները խնդիրներ ունեն։ Ի պատասխան ՊՆ–ից հայտնել են, որ որևէ խնդիր չկա։
Հիմա, ըստ փաստաբանի, այս հարցը մնացել է բաց և որևէ ընթացք չի ստանում, քանի որ նախաքննական մարմնից կոնկրետ պատասխան չունեն։ Անդրիկյանի խոսքով` ինքն էլ չգիտի, թե ինչ նպատակ կա այս ամենի հետևում։
Հավելենք, որ հարուցված քրգործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 7-ին։
Հիշեցնենք, որ Տոնոյանը և Գալստյանն իրենց մեղքը չեն ընդունում։ 2021-ի սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: