ՀՀ-ն պետք է պատրաստ լինի հետևանքներին. Աղաջանյանը` Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ՀՀ–ն պետք է տարածաշրջանում լավագույնս գնահատի ռիսկերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ ռուս–ուկրաինական իրավիճակի զարգացման հետևանքով։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։

«ՀՀ-ն իր դիրքորոշումը վարչապետի մակարդակով հայտնել է։ Հայաստանը խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով։ Մենք մեր մաշկի վրա զգալով պատերազմի հետևանքները` կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը։ Պատերազմները շատ ցավալի հետևանքներ են ունենում, և ՀՀ–ն, բնականաբար, խաղաղության և բանակցության միջոցով հարցերը լուծելու կողմնակից է»,–ասաց Աղաջանյանը։

Նրա խոսքով` այս ամենը մտահոգիչ է, և ՀՀ-ն, լինելով միջազգային հանրության անդամ, մտահոգված է տարածաշրջանում այս գործընթացի հնարավոր հետևանքներով։
Աղաջանյանը վստահեցրեց, որ Հայաստանն ուշադիր հետևում է զարգացումներին և այս պահին ՀՀ–ի անելիքն է տարածաշրջանում լավագույնս գնահատել ռիսկերն ու առաջ անցնել։
Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ամենացանկալի զարգացումը կլինի օր և ժամ առաջ մարտական գործողությունների դադարեցումը, սակայն սա ՀՀ-ի տիրույթից դուրս է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: