ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) ուսումնասիրության հիման վրա ՀՀ բենզինի շուկայի մասնակցների նկատմամբ գործեր են հարուցվել, այդ թվում` քրեական։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Իհարկե, կան բենզինի շուկայում խնդիրներ։ Ամենամեծ խնդիրներից մեկը լաբորատոր կարողությունների բացակայությունն է, որպեսզի մենք կարողանանք համապատասխան հսկողություն անել, բայց հուրախություն բոլորիս ասեմ, որ կան արդեն հարուցված գործեր, այդ թվում` քրեական` տրված նյութերի հիման վրա, որտեղ որակն ու քանակը չի համապատասխանում իրականությանը»,– ասաց նա։
Գևորգյանը հրաժարվեց մանրամասներ ու անուններ հրապարակել, բայց շեշտեց, որ շուկայի բոլոր խաղացողների նկատմամբ հանձնաժողովում վարույթներ են իրականացվում։
Նշենք, որ Հայաստանում բենզինի գինը հունվարին էժանացել էր 4-8 տոկոսով։ Հայաստանյան բենզալցակայաններում «ռեգուլյար» տեսակի բենզինը, հունվարի 6-ից սկսած, 540 դրամից նվազել էր մինչև 500, որոշ տեղերում` 490, անգամ` 480 դրամ, «պրեմիում» տեսակինը՝ 540-ից 510-520 դրամ։ Փետրվարի 28-ին բեզնինը 10 դրամով թանկացել է։
Վերլուծաբանների համոզմամբ` նավթի գնի փոփոխությունը ՕՊԵԿ+ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների միջև հունվարի 4-ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք էր։