Գլխավոր խնդիրը Ռուսաստանն արտաքին սպառնալիքից պաշտպանելն է. Շոյգու

ՌԴ ՊՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին ցուցաբերած քաջության և հերոսության, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրները բարեխղճորեն և պրոֆեսիոնալ ձևով կատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսական բանակը կշարունակի Ուկրաինայում հատուկ գործողությունները մինչև հասնի դրված նպատակներին։ Հիմնական խնդիրը Ռուսաստանը պաշտպանելն է Արևմուտքի կողմից սպառնացող արտաքին ռազմական վտանգից։ Այս մասին այսօր խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Շոյգուն նշել է, որ ռազմական հատուկ գործողություններն իրականացվում են «Դոնբասի բնակչությանը պաշտպանելու, Ուկրաինան ապառազմականացնելու և դենացիֆիկացնելու նպատակով»։
«Մեզ համար կարևորը ՌԴ–ն ռազմական սպառնալիքից պաշտպանելն է Արևմուտքի այն երկրներից, որոնք փորձում են Ուկրաինայի ժողովրդին օգտագործել մեր երկրի դեմ պայքարում», – ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Նա շնորհակալություն է հայտնել անձնակազմին ցուցաբերած քաջության և հերոսության, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրները բարեխղճորեն և պրոֆեսիոնալ ձևով կատարելու համար։
Միևնույն ժամանակ Շոյգուն ընդգծել է, որ ռուսական բանակը «Ուկրաինայի տարածքը չի օկուպացնում, ձեռնարկում է բոլոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար»։
«Ընդգծեմ, որ հարվածներ են հասցվում միայն ռազմական օբյեկտներին և բացառապես բարձր ճշգրտության զենքից», – նշել է պաշտպանության նախարարը։
Շոյգուի տվյալներով` ուկրաինական կողմը մարտական բախումների ընթացքում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և խոշոր տրամաչափի ականանետեր է տեղակայում բնակելի տների բակերում, դպրոցների և մանկապարտեզների մոտ, օգտագործում է խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։