ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական է անվանել այն, որ ԵՄ-ն պատրաստ է քննարկել Ուկրաինայի՝ միությանն անդամակցելու հեռանկարը։ Միաժամանակ, Թուրքիայի նախագահը կոչ է արել ԵՄ-ին նույնպիսի զգայունություն ցուցաբերել դաշինքին Թուրքիայի անդամակցության հայտին՝ անդամ պետություններին քննադատելով անկեղծ չլինելու համար: Նրա խոսքը մեջբերում Է NTV հեռուստաալիքը։
«Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու համար սպասում է 1960-ականներից, և այժմ քննարկումներ են սկսվել Ուկրաինային ԵՄ անդամ դարձնելու շուրջ։ Մենք դրական ենք գնահատում Ուկրաինայի՝ միությանը միանալու ջանքերը։ Բայց ինչո՞ւ Թուրքիան անդամ չէ։ Ինչո՞ւ դեռ կասկածներ ունեք մեր վերաբերյալ կամ պետք է, որ մեզ վրա հարձակո՞ւմ կատարվի, որպեսզի այդ հարցը (ԵՄ-ին անդամակցությունը) հայտնվի ձեր օրակարգում»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Էրդողանը նաև կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և իրենց ներդրումն ունենալ ամբողջ աշխարհում խաղաղության գործում` հավելելով, որ Անկարան դեմ չէ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:
Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան ծովային սահման ունի Ուկրաինայի և Ռուսաստանի հետ և լավ հարաբերություններ` 2 երկրի հետ էլ։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արագացված ընթացակարգով ԵՄ-ին անդամակցելու հայտ է ստորագրել: Եվրախորհրդարանը բառացիորեն մի քանի րոպե առաջ քվեարկել է Ուկրաինային ԵՄ լիիրավ անդամակցության թեկնածու ընդունելու օգտին: