ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ազգայնականները հարձակվում են Ուկրաինայի ռազմական տեխնիկայի վրա և այն ներկայացնում որպես ՌԴ ԶՈւ տեխնիկա պարգևատրում ստանալու համար, հայտարարել է ԴԺՀ–ի Ժողովրդական ոստիկանությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի ազգայնականներին մեկ միավոր տեխնիկայի ոչնչացման դիմաց 500-1000 դոլար պարգևատրում տալու ուկրաինացի մի շարք օլիգարխների հայտարարությունից հետո տարածքային պաշտպանության զինյալները սկսել են հարձակումներ գործել Ուկրաինայի զինված խմբավորումների մարտական տեխնիկայի մնացորդների վրա` այն ներկայացնելով որպես ՌԴ ԶՈւ–ի տեխնիկա», – ասվում է Telegram–ում հրապարակած հաղորդագրության մեջ։
ԴԺՀ–ի Ժողովրդական ոստիկանությունը հայտարարել է նաև, որ «շարունակում է տեղեկություն ստանալ` Զելենսկիի հրամանով զենք ստացած և թալանի նպատակով խաղաղ բնակչության դեմ այն կիրառող ազգայնական խմբավորումների անկարգությունների վերաբերյալ»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: