Աղաջանյանը հաստատեց` դեմ են քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն

Էդուարդ Աղաջանյանը մանրամասնեց, թե ինչու են նման որոշում կայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատեց, որ Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց այդ մասին` խոսելով քվեարկության մասին։
Նախօրեին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի իրավունքը՝ ներկայացված լինել կազմակերպությունում: ԵԽ պաշտոնական կայքը հայտնել էր` այս որոշումը նշանակում է, որ ՌԴ-ն շարունակում է մնալ կազմակերպության անդամ և որոշ կոնվենցիաների միացած երկիր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։

«Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Իսկ որպեսզի դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվի, դիվանագիտական խողովակները, բնականաբար, պետք է առկա լինեն»,–ասաց Աղաջանյանը։

Նրա խոսքով` որքան դիվանագիտական խողովակները կտրվեն, պակասում է հավանականությունը հենց դիվանագիտական ճանապարհով լուծելու հավանականությունը։ Հենց այս համատեքստում է, ըստ Աղաջանյանի, ՀՀ–ն դեմ քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։
ԵԽ նախարարների կոմիտեն որոշել է դադարեցնել կառույցում ՌԴ-ի ներկայացուցչության իրավունքը
Հիշեցնենք, որ ըստ լուրերի` Եվրախորհրդին Ռուսաստանի ներկայացվածության կասեցման օգտին քվեարկել է 42 պետություն, երկու երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանը, դեմ են եղել, Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։