Ուկրաինական պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցելու համար Բելառուս հասավ ուղղաթիռներով

Ռուսաստանի և Ուկրաինայի դրոշներ
Պատվիրակության կազմում է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի հետ բանակցելու համար Գոմելի մարզ է հասել ուղղաթիռներով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ երկու ուղղաթիռ է վայրէջք կատարել։
Ուկրաինական պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ` ասելով, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Բելառուսի տարածքը։
Հետո բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին, որը մոտ է բանակցությունների կազմակերպիչների հետ, ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցից հետո Զելենսկին հանձնարարել է պատվիրակություն ուղարկել Բելառուս:
Ավելի ուշ Sputnik Բելառուսը հայտնեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վայրը կլինի Ալեքսանդրովկա-Վիլչա անցակետը։