Շվեյցարիան փակել է երկինքը ՌԴ–ից թռիչքների համար և արգելել 5 «օլիգարխների» մուտքը երկիր

Շվեյցարիա
Շվեյցարիայի իշխանությունը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին սահմանափակումներ է կիրառել ՌԴ–ի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Շվեյցարիան Երևանի ժամանակով 17։00-ից փակում է երկինքը Ռուսաստանից իրականացվող բոլոր թռիչքների համար։ Սահմանափակումները վերաբերում են բոլոր ինքնաթիռներին, որոնք որևէ առնչություն ունեն Ռուսաստանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդի հայտարարությանը։
Նշվում է, որ բացառություն են լինելու հումանիտար, բժշկական և դիվանագիտական կարիքների համար նախատեսված թռիչքները։
Շվեյցարիայի ոստիկանության և արդարադատության նախարար Կարին Քելեր-Սուտերն էլ հայտարարել է, որ կարգելվի հինգ ռուս «օլիգարխների» մուտքը երկիր։
«Դաշնային խորհուրդը նաև մուտքի արգելք է սահմանել Ռուսաստանի նախագահ Պուտինի մտերիմ ռուսաստանցի օլիգարխների համար», - ասել է նա։
Հարևաններին կվնասի. Վրաստանը զգուշությամբ է վերաբերվում ՌԴ–ի համար երկինքը փակելու թեմային
Նախարարի խոսքով՝ նրանց անունները գաղտնիության նկատառումներով չեն բացահայտվում։
Նշենք, որ Շվեյցարիան 1815 թվականից ի վեր առաջին անգամ է խախտել չեզոքությունը և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։
ԵՄ սահմանափակումների պատճառով Լավրովը չի մեկնի Ժնև` ՄԱԿ-ի խորհրդի նիստին մասնակցելու
Հիշեցնենք` փետրվարի 28-ից Եվրամիությունն արգելել է ռուսական ինքնաթիռներին թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել իր տարածքով։
Այս պահանջը վերաբերում է բոլոր օդանավերին, որոնք շահագործվում են Ռուսաստանում գրանցված ռուսական ավիափոխադրողների կողմից։ Որոշումը վերաբերում է նաև այն ինքնաթիռներին, որոնք գրանցված չեն Ռուսաստանում, բայց որևէ կերպ վերահսկվում են ռուսական ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ կազմակերպության կողմից:
ՌԴ-ն փակել է իր օդային տարածքը 36 երկրի ավիաընկերությունների համար