ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի պատվիրակությունը, որը բանակցություններ պետք է վարի Ռուսաստանի հետ, արդեն գտնվում է Բելառուսի տարածքում, հայտնում է Sputnik Բելառուսը։
«Ուկրաինական պատվիրակությունն արդեն Բելառուսի տարածքում է՝ բանակցությունների վայրին մոտ։ Սպասվում է, որ ռուս բանակցողների հետ հանդիպումը կսկսվի մոտակա ժամերին»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Բելառուսի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների համար տարածքը պատրաստ է, սպասում են պատվիրակությունների ժամանմանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինան համաձայնել է բանակցություններ անցկացնել Բելառուսի Գոմելի մարզում, որտեղ մեկնել է ռուսական պատվիրակությունը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ դրան նախորդել է Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը:
Նշենք, որ երեկ` փետրվարի 27–ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ` ասելով, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Բելառուսի տարածքը։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Բելառուսի Գոմել քաղաքը` որպես բանակցային տարածք, ընտրել է ոչ թե բելառուս ժողովուրդը, այլ Ռուսաստանի ղեկավարությունը։
Ռուսական կողմը Ուկրաինային մինչև 15։00 ժամանակ էր տվել` բանակցությունների առաջարկին արձագանքելու։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինան համաձայնել է ՌԴ–ի հետ բանակցություններ վարել Բելառուսում, Գոմելի շրջանում։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: