ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ԱՄՆ-ի և նրան միացած օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։
Այն նախատեսում է հետևյալ միջոցառումները`
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները պարտավորվում են այս տարվա հունվարի 1-ից ստացված արտասահմանյան արտարժութային մուտքերի 80 տոկոսը վաճառել: Կանոնը տարածվում է նաև արդեն կուտակված միջոցների վրա։ Դրանք պետք է վաճառել երեք օրվա ընթացքում։
Արգելվում է փոխառության պայմանագրերով ռեզիդենտների կողմից արտարժույթ տրամադրել ոչ ռեզիդենտներին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։