Պետք է կանխել ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը. Արցախի ԱԺ նախագահն ուղերձ է հղել

Արթուր Թովմասյան
Սումգայիթի ջարդերի տարելիցին Արցախի խորհրդարանի նախագահը հիշեցրել է, որ հայատյացության դրսևորումը գագաթնակետին հասավ 2020–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Սումգայիթյան ոճրագործության 34–րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել ուղերձով` նշելով, որ ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի շատ ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է ու ներկան, բայց ոչ երբեք ապագան։ Նրա ուղերձը հրապարակվել է ԱԺ կայքում։
«20-րդ դարասկզբին ծնունդ առած արհեստածին պետություն Ադրբեջանն իր կազմավորման ժամանակներից ի վեր ստանձնել է հայատյաց առաքելություն։ Ապացույցը 1988թ․-ին կազմակերպած սումգայիթյան ջարդերն ու պարբերաբար շարունակվող պատերազմներն են։ Ադրբեջանի միակ նպատակն ու հոգեգար ցանկությունն Արցախի վերջնական բռնազավթումն ու բնիկ ժողովրդի վերացումն է»,– ընդգծել է Թովմասյանը։
Խորհրդարանի ղեկավարի խոսքով` անպատժելիությունն ու անհանդուրժողականությունը ադրբեջանական իշխանություններին 2020թ–ին մղեցին նոր ցեղասպան գործողությունների։

«Հայատյացության դրսևորումն իր գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմով, մասնավորապես Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, սպանությունների, խոշտանգումների, մշակութային ցեղասպանության ձևով»,– նշել է Թովմասյանը։

Խստորեն դատապարտելով Սումգայիթյան ոճրագործությունը և արցախահայության հանդեպ իրականացվող շարունակական քաղաքականությունը՝ Արցախի խորհրդարանի նախագահը քաղաքակիրթ աշխարհին կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել հայերի հանդեպ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը կանխարգելու ուղղությամբ։
Հայատյացությունն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. ԱԳՆ–ը` Սումգայիթի ջարդերի մասին
«Մենք պետք է դուրս գանք այս ծանր իրավիճակից և, մեր պապենական հողում ապրելով, պահանջատեր լինենք մեր իրավունքներին։ Խոնարհումս ադրբեջանական բռնություններին զոհ դարձած մեր հայրենակիցների և արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակին»,– եզրափակել է Թովմասյանը։
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվեց զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
Թբիլիսիում հիշել են Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի անմեղ զոհերին և ցուցադրել նկարներ